«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն, ի թիվս մի քանի այլ դպրոցների, ավելի վաղ էր հայտարարել հեռավար ուսուցման անցնելու մասին՝ առաջարկելով սեփական գործիքակազմը։ Ի տարբերություն հանրապետության այլ սովորողների, սեբաստացիների առօրյա հեռավարի մուտքն անհամեմատ ավելի անցավ ու սահուն էր։ Հեռավար շփման, մեդիագրագիտության բարձր մակարդակի փորձը կարեւոր նախապայման էր այս փոփոխությունների համատեքստում։
Սխալված չենք լինի փաստել, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեծ ու համախմբված ընտանիքը բոլորից արագ կողմնորոշվեց ու հարմարվեց նոր պարտադրված պայմաններին։ Տեսազանգերի ու էլեկտրոնային նամակագրության միջոցով կազմակերպվող դասապրոցեսը դարձավ կրթական գործընթացը կաթվածից փրկելու միակ գործիքը։ Մեծ հաշվով, մենք հաջողեցինք։ Կրթական գործընթացի բոլոր կողմերը՝ ուսուցիչները, սովորողներն ու ընտանիքի անդամները, համերաշխության սկզբունքով աշխատանքի բաժանում կատարեցին եւ սկսեցին գործել։ Ուսուցիչները մե՛ր տուն մտան, մենք՝ ուսուցիչների։ Հիրավի դարձանք մեկ ընտանիք՝ նույն հոգսերով ու ուրախություններով, դժվարություններով ու հաղթանակներով։ Ասել, որ ավելի լավ ճանաչեցինք միմյանց, կնշանակի՝ ոչինչ չասել։ Սա բացահայտումների, վերարժեւորումների, ինչպես նաեւ անխուսափելի հիասթափությունների ուրույն խճանակար է՝ խարսխված փոխադարձ սիրո ու հարգանքի վրա։ Մեր հմուտ ու համբերատար ուսուցիչների աննկատ մասնակցությամբ մեր բոլորի տներ թափանցեցին ազգային երգն ու պարը, Կոմիտասն ու Թումանյանը, Աղայանն ու Սարյանը։ Շատ կարճ ժամանակահատվածում բոլորս դարձանք երգիչներ ու պարողներ, հաղորդավարներ ու հեքիաթասացներ, դերասաններ ու բեմադրիչներ, մարզիկներ ու մարզիչներ, բնագետներ ու պատմաբաններ, եւ դեռ ի՜նչեր ենք դառնալու․․․
Վերը ներկայացվածն ընդամենը խտացված նկարագիրն է այն բոլոր դրական ձեռքբերումների, որ տվեց մեզ հեռավար ուսուցումը։ Այնուամենայնիվ, ինչպես եւ սպասելի էր, գործընթացը զերծ չէր նաեւ որոշ խնդրահարույց կողմերից։
Մոտ երկամսյա հեռավար ուսուցման պայմաններում նախ ուրվագծվեց, այնուհետեւ ավելի պարզորոշ գծագրվեց մի փաստ՝ հեռավար ուսուցումն այնուամենայնիվ երկարաժամկետ գործընթաց չի կարող լինել։ Այն ընդամենը կարող է ծառայել իբրեւ ժամանակավոր գործիքակազմ։ Իբրեւ հիմնական կրթական գործունեության ձեւ՝ հեռավարը չի կարող լինել հեռանկարային՝ մի շարք խնդիրների հաշվառմամբ։
Այսօր այդ խնդիրների մասին խոսվում է ամենուր՝ սոցցանցերից մինչեւ լուրջ գիտական հոդվածներ, ամենասովորական ընտանիքներից մինչեւ լրջագույն գիտամանկավարժական շրջանակներ։ Խնդիրների բնույթը եւս խիստ բազմազան է՝ կրթական, տեխնիկական, բարոյահոգեբանական, առողջապահական, սոցիալական, ֆինանսատնտեսական եւն։
Հոդվածում փորձել ենք ի մի բերել գիտամանկավարժական, փորձագիտական, սոցիալական եւ կենցաղային շրջանակներում առավել արծարծվող խնդիրներն ու տեղայնացնել դրանք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։
* Հեղինակի սեփական դիտարկումներից եւ ընդհանրացումներից զատ, հոդվածում հաշվի են առնվել նաեւ սոցիալական շփման հարթակների եւ կրթության ոլորտի մի շարք այլ մասնագետների (այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ, մանկավարժ Սամվել Մարտիրոսյանի, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի, կրթական քաղաքականության հետազոտող Նարեկ Մանուկյանի) հրապարակային դիտարկումները եւ խորհուրդները։ Որեւէ աղբյուրի ուղիղ հղում չի կատարվում, քանի որ հոդվածը խիստ ընդհանրական վերլուծություն է եւ որեւէ գիտական բովանդակության չի հավակնում։
Եվ այսպես, մեր դիտարկմամբ, առավել շրջանառվող խնդիրները խիստ պայմանականորեն կարելի բաժանել մի քանի խմբի․
- Անհասանելիություն եւ դժվարամատչելիություն։ Առաջին մարտահրավերը, որին հանդիպեց մեր հասարակությունը, դա ոչ այնքան հաճելի մի փաստի արձանագրումն էր, որ հեռավար ուսուցումը հավասարապես հասանելի չէ բոլորին, այն է՝ ոչ բոլոր երեխաներն են կարողանում օգտվել համակարգչից եւ համացանցից՝ ելնելով տարիքային, սոցիալական, փորձառական եւ այլ առանձնահատկություններից։ Ինչպես փաստում են բազմաթիվ փորձագետներ, կրթական գործընթացից ինքնաբերաբար դուրս մնացին (եւ մնում են) այն երեխաները, որոնք չունեն անհրաժեշտ տեխնիկական սարքեր, համացանցի հասանելիություն։ Որոշ ընտանիքներում էլ, լավագույն դեպքում մեկ սարքի տիրապետումն անգամ չի կարող հարցի լուծում լինել, քանի որ ընտանիքում մի քանի դպրոցահասակ երեխայի առկայությունն արդեն խնդրահարույց է։ Նախանձելի վիճակում չեն նաեւ մեծաթիվ ուսուցիչներ, որոնք կամ չունեն ժամանակակից տեխնոլոգիական սարքեր եւ/կամ անհրաժեշտ հմտություններ, կամ եթե նույնիսկ ունեն, ապա շատ հաճախ ստիպված են դրանք համատեղության կարգով օգտագործել իրենց դպրոցահասակ երեխաների հետ։ Ինչ խոսք, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պարագայում սա որեւէ լրացուցիչ հոգս չառաջացրեց, քանի որ, լինելով մեդիադպրոց, կրթօջախում մեր սովորողների տեխնիկական ապահովման հարցն ըստ էության լուծված է ի սկզբանե։ Բացի այդ, առանց ավելորդ համեստության կարող ենք փաստել, որ մեր դասավանդողներն ու սովորողներն առավել քան հայաստանյան որեւէ այլ դպրոցում, սովոր են տեխնոլոգիաներին։
- Առողջություն եւ անվտանգություն։ Եթե հաշվի առնենք, որ դասերի հետ կապված համակարգչից օգտվելու ժամերը կտրուկ աճել են, դրան գումարենք նաեւ այն ժամանակը, որը երեխաներն այսպես թե այնպես ծախսում են մեդիազվարճանքների վրա, ապա հասկանում ենք, որ վաղ թե ուշ բախվելու ենք առողջական տարատեսակ խնդիրների՝ տեսողական, հենաշարժողական, հոգեբանական։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այս հարցին որոշակի լուծում է տրվում մարզական, երաժշտական, խոհարարական եւ այլ թեմատիկ հոլովակների նկարահանման գրեթե ամենօրյա հանձնարարությունների միջոցով, որոնք ինչ-որ չափով ապահովում են սովորողների շարժունակությունը։ Պակաս խնդրահարույց չէ նաեւ մեդիաանվտանգությունը, երբ երեխաները օրվա մի պատկառելի մաս անցկացնում են օնլայն տիրույթում։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներն այս առումով կրկին շահեկան դիրքում են թվում, քանի որ ավելի հարմարված լինելով այս հարթակին՝ թերեւս կարող են պակաս խոցելի լինել։ Սա իհարկե չի նշանակում, որ պետք է զգոնությունը կորցնել, այլ ընդհակառակը, անհրաժեշտ է այն բազմապատկել։
- Ապասոցիալականացում։ Հեռավար կրթությանը պակասում է կրթական գործընթացի շատ կարեւոր՝ սոցիալական բաղադրիչը։ Դպրոցը միայն դաս չէ, այն նաեւ շփում է, ճանաչում, փոխգործակցություն, ինչը մեծիմասամբ բացակայում է հեռավարի դեպքում։ Այս առումով կարծես թե բոլորս մի նավակում ենք։
- Ձանձրույթ։ Հեռավար դասի տեւողությունը հոգեբանորեն ավելի երկար է ընկալվում։ Դա խոստովանում են ե՛ւ սովորողները, ե՛ւ ուսուցիչները։ Հեռավար դասը, ավանդականի համեմատությամբ, ավելի միալար ու ձանձրալի է բոլորի համար։ Թերեւս դա է պատճառը, որ կրթական գործընթացի բոլոր կողմերի սկզբնական խանդավառությունը կամաց-կամաց մարում է, եւ երեխաներն այսօր պակաս ոգեւորությամբ են սպասում հաջորդ դասին, հատկապես եթե այդ դասը սկսվելու է առավոտյան ժամը 9-ին։ Այս առումով տարօրինակ մի միտում է նկատվում․ նախակարանտինային շրջանում ժամը 8-ին պարտաճանաչ արթնացող, կազմ ու պատրաստ, հաճույքով դպրոց հաճախող երեխաները դժկամությամբ են մտածում առավոտյան 9-ին արթնանալու հեռանկարի մասին։ Ասածն իհարկե չի կարելի համահարթ կերպով վերագրել բոլորին։ Կլինեն եւ անշուշտ կա՛ն կրթական գործընթացի բազմաթիվ մասնակիցներ, որոնք այժմ էլ նույնքան ոգեւորված են, որքան մոտ երկու ամիս առաջ։ Բայց մենք խոսում ենք համընդհանուր միտումի մասին։ Այս համատեքստում որպես միջանկյալ լուծում կարելի մտածել դասերի տեւողությունը կրճատելու ուղղությամբ։ Ոչ պակաս նյարդայնացնող են նաեւ տեխնիկական խոչընդոտները, երբ լսելի կամ տեսանելի չեն ուսուցիչը, սովորողը, մատուցվող նյութը։ Իսկ եթե դասը բոլորի կամ մեկի համար հանկարծակի ընդհատվում է տեխնիկական պատճառներով, ապա կարելի է պատկերացնել, թե որքան ժամանակ ու նյարդեր է պահանջում վերակազմակերպվելը։ Ի պատիվ մեր կրթահամալիրի ուսուցիչների, պետք է փաստել, որ փորձառության շնորհիվ նրանք ամենայն արժանապատվությամբ եւ հաջողությամբ են հաղթահարում այս խոչընդոտները եւս։
- Անտեսանելի լսարան։ Սովորողները օբյեկտիվ կամ սուբյելտիվ պատճառներով հաճախ անջատում են իրենց սարքերի տեսապատկերն ու ձայնը, ինչը կարող է լրացուցիչ անհարմարություններ պատճառել ուսուցչին։ Միտքը՝ արդյո՞ք քեզ հետեւում են բոլոր ներկա ստացած սովորողները, թե՞ պարզապես միացրած թողնելով զանգը, այդ պահին այլ բաներով են զբաղվում, ամենեւին էլ ամենահաճելիներից չէ։ Մյուս կողմից, երեխաների մոտ մեծանում է անպտասխանատվությունը։ Բացի այդ, ուսուցիչները կարող են կաշկանդվել նաեւ ծնողների մշտական ներկայության գիտակցումից, ասել է թե՝ «կարող է պատահի մեզ հետեւում են»։
- Շղարշ։ Հեռավար կրթության պայմաններում տուժում է նաեւ գիտելիքների գնահատման անաչառությունը, քանի որ ամենակարող եւ ամենահաս տնեցիներն ամեն ինչ կանեն, որպեսզի իրենց երեխաները «պատվով դուրս գան ոչ միայն տնային, այլեւ դասարանական հանձնարարությունների տակից»։ Խոստովանենք, որ ծնողների օգնությամբ/միջամտությամբ կատարված հանձնարարությունը երբեք չի արտացոլի աշակերտի գիտելիքների իրական պատկերը։ Սա կարող է պարզապես ապակողմնորոշել ուսուցչին այն հարցում, թե արդյո՞ք սովորողներն ամբողջապես եւ անհրաժեշտ խորությամբ ընկալել են մատուցվող նյութը։ Չենք կարող հույս դնել անգամ ամենագիտակից ծնողների՝ դասապրոցեսում չափավոր անհրաժեշտ մասնաբաժին ունենալու ճիշտ վարքագծի վրա, քանի որ երեխաները պարզապես սովորել են նրանց ներկայությանն ու դասն այլ կերպ չեն էլ պատկերացնում։
- Սուպեր-Ծնողներ։ Ծնողների աննախադեպ ներգրավվածության պայմաններում երեխա-ծնող-ուսուցիչ կապն, անշուշտ, ավելի է ամրապնդվել։ Մասնավորապես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որը որդեգրել է ընտանեկան կրթության գաղափարը, սա աշխատունակ մոդել է։ Այնուամենայնիվ, երբ ինքնուրույն աշխատանքի ծավալի մեծացմանը զուգընթաց դասապրոցեսի ծանրության գերակշիռ մասը հիմնականում ընկնում է ծնողների ուսերին, հարց է ծագում, թե արդյո՞ք բոլոր ծնողներն են կարողանում օգնել իրենց սովորողներին․ չէ՞ որ շատերն իրենք են աշխատում հեռավար, եւ ցավոք կլինեն նաեւ այնպիսիք, որոնք ակադեմիական անհրաժեշտ պաշար չունեն։ Բացի այդ, երեխաներն ավելի ու ավելի կախված են դառնում ծնողների օգնությունից։ Նրանք կորցնում են ինքնուրույնությունը, եւ օրեցօր ավելի նկատելի է դառնում, որ որոշ երեխաների պարզապես անհնար է դասին միայնակ թողնել։
Վերոնշյալ մտահոգություններն այս կամ այն շեշտադրմամբ առկա են հեռավար կրթության գրեթե բոլոր մասնակից կողմերի մոտ։ Անկախ ամեն ինչից, բոլորս պարտավոր ենք պատասխանել մեկ հարցի․ ի՞նչ դասեր կարող ենք քաղել այս իրավիճակից։ Մենք պետք է ընտրենք՝ դառնալ այս իրավիճակի զոհը թե՞ շահառուն։ Ամբողջ հանրապետությունում հեռավար ուսուցման ներկա վիճակի նույնիսկ հպանցիկ վերլուծության արդյունքում ակնառու է դառնում հետեւյալ նվազագույն գործողությունների կատարման անհրաժեշտությունը․
- Զուգադրել ավանդական եւ հեռավար կրթությունները՝ դիտարկելով դրանց փոխլրացման հնարավորությունները։ Անհրաժեշտ է հասկանալ, թե այսուհետեւ կրթության մի ձեւի ո՞ր բաղադրիչը կարելի է փոխառել մյուսի մեջ եւ ընդհակառակը։ Բացի այդ, կարեւոր է նաեւ հասկանալ, թե մեր ուսուցիչները լրացուցիչ ինչպիսի՞ կրթության անհրաժեշտություն ունեն՝ ապագայի անսպասելի մարտահրավերների դեպքում կրկին հեռավար ուսուցման անցնելու ոչ այնքան ցանկալի, բայց եւ իրատեսական սցենարի դեպքում։ Մեզ պետք են ուսուցիչներ, որոնք ցանկացած իրավիճակում պատրաստ կլինեն ապահովել դասապրոցեսում սովորողների համապարփակ ներգրավվածությունը, գնահատել հեռավար դասի արդյունավետության աստիճանը, մշակել հեռավար դասի ընթացքում սովորողների սոցիալականացմանը նպաստող մեթոդներ։ Նույնպիսի մոտեցում է պետք ցուցաբերել նաեւ սովորողների նկատմամբ, մասնավորապես առ այն, թե ուսումնական պլանի ինչպիսի՞ փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի սովորողները զինվեն այն ողջ հնարավոր գիտելիքների պաշարով ու գործիքակազմով, որոնք կկարողանան կիրառել ապագա ֆորսմաժորային պայմաններում։
- Բարելավել կրթության մասնակիցների տեխնիկական եւ տեխնոլոգիական ապահովվածությունը։ Թե՛ առանձին կրթօջախների եւ թե՛ պետական գերատեսչական ու միջգերատեսչական մակարդակով անհրաժեշտ է մշակել հստակ մեխանիզմներ՝ կրթությունը շարունակաբար տեխնիկապես եւ տեխնոլոգիապես հագեցած պահելու ուղղությամբ։
Այս հարցերը պահանջում են թե՛ մտավոր, թե՛ նյութական եւ թե՛ ժամանակային հսկայածավալ ռեսուրսներ։
Թագավարակը փոխեց աշխարհը․ դեպի լավ թե՞ վատ՝ դա կհասկանանք ավելի ուշ։ Բայց մենք բոլորս ինքներս մեզ եւ մեր շրջապատը դեպի լավը փոխելու կարիք ունենք։
Հեղինակ՝ Ռոզա Ջաղացպանյան,
Բանասիրական գիտությունների թեկնածու, մանկավարժ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ծնող, Գալոյան Միկայի մայրիկ
Ընտանեկան դպրոցի նախագծեր
Ընտանեկան թատրոն
Ընտանեկան ալբոմ
Ընտանեկան խոհանոց
Մարմնակրթություն
Ընտանեկան խաղեր
Երաժշտական ընտանիք 1
Երաժշտական ընտանիք 2