Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Ջանի Ռոդարի, Զարգացնող խաղեր

Լողացող փականներ

Ռոդարիական խաղերը հայտնի են իրենց զարգացմանն ուղղված մի շարք նպատակներով: Նմանատիպ խաղերի ժամանակ աշխատում են միաժամանակ բոլոր զգայարանները, որոնք առավել արդյունավետ են դարձնում մտածողության, ստեղծագործական մտքի զարգացումը: Սովորողները խաղացին մաթեմատիկական խաղ, որի ժամանակ հաշվեցին, բաժանվեցին 2 հավասար խմբերի, այնուհետև հաշվեցին իրենց առջև դրված փականների քանակը, որոշեցին որտեղ է շատ, որտեղ քիչ: Տարաների մեջ լցրեցինք ջուր և շերեփների օգնությամբ սկսեցին փականները տեղափոխել մեկ ամանից մյուս աման:Տեղափոխվող փականների քանակը որոշվում էր խաղաքարտերի օգնությամբ:

Рубрика: Ջանի Ռոդարի

Թափթփված տղայի ճամփորդությունը

— Մա՛մ, գնում եմ զբոսնելու:
_ Գնա՛, Ջովանի՛, բայց փողոցն անցնելիս զգույշ կլինես:
_ Լա՛վ, մա՛մ: Հաջող:
_ Դու միշտ էլ այնքան թափթփված ես, որ…
_ Հա՛, մա՛մ: Հաջող:
Եվ Ջովանին ուրախ-ուրախ տանից դուրս թռավ:
Սկզբում նա շա՜տ ուշադիր էր: Անընդհատ կանգնում էր, շոշափում էր ինքն իրեն.
_ Ամեն ինչ տեղո՞ւմ է, ոչ մի բան չե՞մ կորցրել,-հարցնում էր ինքն իրեն ու ծիծաղում:
Ջովանին այնքան գոհ էր իր ուշադրությունից, որ ուրախությունից ճնճուղի նման թռվռում էր: Հետո սկսեց ցուցափեղկերը դիտել, մեքենաներին նայել, ամպերին: Պարզ է չէ՞, անախորժություններն սկսվեցին:
Շատ քաղաքավարի մի պարոն թեթև նախատեց նրան.
_ Էս ի՜նչ թափթփված ես դու, ա՛յ տղա: Տե՛ս, մատներդ կորցրել ես:
_ Վա՜յ, ճիշտ որ: Էս ի՜նչ թափթփվածն եմ ես:
Ջովանին սկսեց մատները փնտրել: Բայց մի դատարկ բանկա գտավ: Դատա՞րկ: Տեսնես առաջ ի՞նչ է եղել դրա մեջ, հո միշտ դատարկ չի՞ եղել… Ջովանին արդեն մոռացել էր, որ ինքն իր մատները պիտի փնտրեր: Հետո արդեն բանկայի մասին էլ մոռացավ, որովհետև մի կաղ շուն տեսավ:
Նա ընկավ շան ետևից, բայց չէր հասցրել մինչև տան ետևը վազել, երբ կորցրեց ձեռքը: Կորցրեց ու չնկատեց էլ: Վազում է իր համար, ոնց որ ոչ մի բան չի եղել:
Մի բարի մորաքույր կանչում է նրա ետևից.
_ Ջովանի՜, Ջովանի՜: Ձեռքդ կորցրել ես:
Բայց նրա պետքն էլ չէր, չլսեց:
_ Դե լավ, ոչինչ,-որոշեց բարի տիկինը,-ձեռքը կտանեմ մորը կտամ: Եվ նա գնաց Ջովանիենց տուն:
_ Սինյորա՛, ահա ձեր տղայի ձեռքը:
_ Ա՛յ թափթփվածի մեկը: Չգիտեմ ինչ անել այդ ցրվածին: Այսպիսի ցրված մարդ կյանքումս չեմ տեսել:
_ Այո, իհարկե: Բայց աշխարհի բոլոր երեխաներն էլ այդպիսին են:
Մի քիչ հետո մի ուրիշ բարի տիկին եկավ:
_ Սինյորա՛, ես ինչ-որ մեկի ոտքն եմ գտել: Կարո՞ղ է սա Ձեր Ջովանիինն է:
_ Իհարկե՝ նրանն է: Ծակ կոշիկից ճանաչեցի: Էս ինչ ցրված տղա ունեմ: Չգիտեմ՝ ինչ անեմ նրան:
_ Այո՛, իհարկե: Բայց աշխարհի բոլոր երեխաներն էլ այդպիսին են:
Մի քիչ էլ ժամանակ անցավ. Ջովանիենց տուն հերթով եկան տարբեր մարդիկ: Մի ծեր տատիկ, բլիթներ բաժանողը, վագոնավար և նույնիսկ մի թոշակառու ուսուցչուհի: Բոլորը Ջովանիի ինչ-որ մասն էին բերում՝ մեկը՝ ոտքը, մեկը՝ ականջը, մեկը՝ քիթը:
_ Աշխարհում իմ տղայի նման ցրված տղա չկա,- հուսահատվում էր մայրը:
_ Իզուր եք հուսհատվում, տիկի՛ն, աշխարհի բոլոր երեխաներն էլ այդպիսին են:
Վերջապես հայտնվեց նաև ինքը՝ Ջովանին ` թռչկոտելով մի ոտքի վրա, բայց ինչպես միշտ ճնճուղի նման ուրախ ու համարձակ: Իսկ մայրիկը միայն գլուխն էր տմբտմբացնում: Հետո նրան հավաքեց-կարգի բերեց և համբուրեց:
_ Ամեն ինչ տեղում է, մա՛մ: Ոչ մի բան չե՞մ կորցրել: Տեսնո՞ւմ ես՝ ինչ տղա եմ:
_ Այո՜, դու ամենալավն ես:

Рубрика: Ջանի Ռոդարի

Մուկ, որը կատուներ էր ուտում

Մի պառավ գրադարանային մուկ մի անգամ եկավ այցելելու իր եղբոր երեխաներին:

— Դե դուք բոլորովին կյանքը չգիտեք, — ասում էր նա իր ամոթխած ազգականներին,- իմ կարծիքով, դուք օրինավոր կարդալ անգամ չգիտեք:

— Օ՜, դու մեր մեջ իսկական գլուխ ես, — հառաչեցին նրանք:

— Օրինակ, դուք երբևէ կատու կերե՞լ եք:

— Կատո՞ւ… մեզ մոտ հակառակն է լինում. մեզ մոտ կատուներն են ուտում մկներին:

— Այդ նրանից է, որ դուք տգետ եք: Իսկ, ա՛յ ես, կերել եմ կատու, այն էլ ոչ մի հատ. վրա եմ տալիս մի ծայրից՝ հոպ… պատրաստ է: Իսկ նա ծպտուն անգամ չի համարձակվում հանել:

Այ, կուզեք հավատացեք, կուզեք՝ ոչ:

— Իսկ ի՞նչ համ ունեն կատուները:

— Թղթի համ, ու մի-քիչ էլ թանաքի համ կա մեջը: Բայց դա դեռ ի՞նչ էր որ… դատարկ բան…

Իսկ այ, շուն դուք երբևէ կերե՞լ եք:

— Ի՞նչ ես ասում…

— Իսկ ես, ա՛յ, հենց երեկ մեկին վերջ տվի: Մի գամփռ… Նրա ժանիքները իմ չափ էին: Ինձ համար ի՞նչ կա որ. ես նրան հանգիստ, այսպես՝ հոպ… և կերա: Նա ձայն, ծպտուն չհանեց:

— Իսկ շու՞նն ինչ համ ունի:

— Նա էլ թղթի պես է : Դե, իսկ ռնգեղջյուր դուք չե՞ք փորձել:

— Օ՜… դու մեր մեջ մի հատ ես… Դե մենք ի՞նչ ենք որ… մենք ռնգեղջյուր չենք էլ տեսել: Ինչի՞ է նա նման. Ռոկֆոր պանրի՞, թե՞ հոլանդականի:

-Այ թե տգետ եք «… ումն է նման»… Պարզ է՝ ում. իհարկե, ռնգեղջյուրի… Իսկ փիղ կերե՞լ եք, իսկ արքայադուստր կերե՞լ եք… Իսկ Նոր տարվա տոնածա՞ռ՝ իր բոլոր խաղալիքներով:

Եվ հենց այն ժամանակ, երբ մուկը հասավ տոնածառին, կատուն, որ նստած էր հին սնդուկի ետևը և լսում էր մկան դատարկախոսությունը, չդիմացավ, սարսափելի ձայնով մլավեց ու մեկ էլ այնպես ցատկեց… որ… Պետք է ասել, որ դա իսկակա՜ն կատու էր, շքեղ մորթիով, փարթամ բեղերով և երկար, սուր-սուր ճանկերով:

Մկները հենց որ լսեցին կատվի ձայնը, պուկ, փախան: Իսկ գրադարանային մուկը անսպասելիությունից տեղում անշարժացավ և մնաց կանգնած, ինչպես արձան: Կատուն առանց երկար մտածելու, հոպ… ճանկեց նրան: Ճանկեց, բայց միանգամից չկերավ, այլ որոշեց մի-քիչ խաղալ նրա հետ:

— Հա, ուրեմն դու հենց այն մու՞կն ես, որ կատուներ է ուտում,- հարցնում է կատուն:

— Ճիշտ այդպես, ձերդ ողորմածություն, հենց ես եմ: Բայց ախր… ձերդ պայծառափայլություն, պետք է հասկանաք… Համարձակվում եմ զեկուցել ձերդ ողորմածություն, չէ՞ որ ես ողջ կյանքս անց եմ կացրել գրադարանում…

— Հասկանում եմ, հասկանում եմ: Ապրում էիր գրադարանում և զբաղվում էիր նրանով, որ ուտում էիր նկարները և փչացնում գրքերը:

— Օ՜, ձերդ մեծություն, ընդամենը մի քանի անգամ… Եվ հավատացնում եմ ձեզ, ձերդ պայծառափայլություն, միայն և միայն ինքնազարգացման համար:

— Դե իհարկե, ի միջի այլոց ես էլ շատ բարձր եմ գնահատում գրականությունը: Բայց քեզ չի՞ թվում, որ բացի գրքային իմաստությունից կա նաև մի ուրիշ իմաստություն՝ կյանքի իմաստությունը: Քո տարիքում ժամանակն է իմանալու, որ կյանքում կան ոչ միայն թղթի վրա նկարված կատուներ, և ամեն մի փիղ չի համաձայնվի, որ նրան կծեն մկները:

Բայց խեղճ գերու բախտից կատուն մի վայրկյան աչքը դարձրեց դեպի սարդը, որ սողում էր հատակին:

Գրադարանի մուկն էլ հիմար չէր. նա իսկույն նետվեց մի կողմ ու թաքնվեց գրքերի արանքում: Իսկ կատուն ստիպված եղավ այս անգամ բավարարվել միայն սարդով:

Ջանի ՌՈԴԱՐԻ

Рубрика: Հեռավար ուսուցում, Ջանի Ռոդարի

Շփոթ պատմություններ

Լինում է չի լինում մի տղա է լինում։ Այս տղան մի սղոց է ունենում։ Մի օր նա այդ հրացանը տալիս է իր եղբորը, որ նա գնա որսի։ Այս ընկերը վերցնում է տղայի տված դանակն ու գնում է անտառ սունկ հավաքելու։ Հավաքում է, հավաքում մեր քեռին հատապտուղները, լցնում զամբյուղի մեջ և վեռադառնում տուն։ Դպրոցում նա բացում է մրգերով լի դույլը, բայց տեսնում է որ այն դատարկ է։
Գալոյան Միկա

Մայրիկը երեխաներին պատմում է երեք խոզուկների մասին հեքիաթ.
—Լինում են չորս խոզուկներ։

-Չէ՜ մայրիկ, երեք խոզուկ։

-Հա, հա ճիշտ է, երեք խոզուկ, նրանք ապրում են մի շքեղ պալատում և ամեն ինչ ունեն։

-Ո՜չ մայրիկ, նրանք տուն չունեն, դեռ նոր պետք է կառուցեն։

-Ճիշտ եք, առաջին խոզուկը իր տունը պատրաստում է շաքարից և շոկոլադից.

-Ախր չէ մայրիկ, ծղոտից է պատրաստում տնակը:

-Կներեք, այո՝ ծղոտից: Երկրորդ խոզուկը իր տնակը պատրաստում է պաղպաղակից և գաթաներից.

Երեխաները այս անգամ էլ են հուշում մայրիկին, որ փայտից է տնակը:

-Երրորդ խոզուկը գայլի օգնությամբ պատրաստում է իր տնակը ծիրանի ճյուղերից:

-Չէ, մայրիկ, երրորդ խոզուկը ամենախելացին էր և պատրաստեց իր տունը քարից.

-Հետո խոզուկները աղվեսին և նապաստակին հրավիրում են թեյ խմելու․

-Մայրի՜կ, սխալվում ես, գայլը հերթով քանդեց նրանց տները, բայց քարից տունը չկարողացավ: Իսկ խոզուկները նրան եփեցին կաթսայի մեջ: Մարգարյան Արիանա

Ժուկով-ժամանակով մի պալատում ապրում էին երեք եղբայրներ՝ փոքրը, միջինը, մեծը․․․
Է՜- խառնեցի՝ մեծը ,միջինը, փոքրը։ Մի օր նրանց մայրը՝ թագավոր Աննան ։էլի շփոթեցի, ոչ թե թագավոր, այլ թագուհի։ գնաց շուկա․ Ոչ՛ ի՞նչ շուկա, ախր չէ՞ որ նա թագուհի էր․․․
Երբ եկավ ճաշի ժամը, տղաները սկսեցին սեղան գցել։ Վայ՜ գլխումս ամեն ինչ իրար է խառնվել, տղաները չէին սեղան գցում ՝ աղախիններն էին գցում։ Տան ամենագլխավորը ՝ շնիկը, նստեց սեղանի ամենավերևում։ է՜ կրկին խառնեցի․ տան ամենագլխավորը շնիկը չէր՝ թագավորն էր։ Թագավորի ընտանիքում լաց ու կոծ էր։ Չէ ի՞նչ եմ ասում, նրանց մոտ քեֆ ու ուրախություն էր։Եթե այսպես շաուրնակվի, դուք իմ հեքիաթից ոչինչ չեք հասկանա, ավելի լավ է մի քիչ խաղամ հանգստանամ նոր շարունակեմ ․․․,- երևի արդեն հասկացաք, ոչ թե խաղամ հանգստանամ այլ․․․
Մուրադյան Հովհաննես

Ցնցուղ քույրիկը․ Հարությունյան Խորեն


Լինում է չի լինում երեք ուլիկներ են լինւմ՝ Նունու, Դիդի, Լոլո։
-Է՜ պապիկ խառնեցիր՝ խոզուկներ, անունները՝ Նուֆնուֆ, Նիֆնիֆ և Նաֆնաֆ։
-Նրանք որոշեցին լողավազան պատրաստել։
-Պապի՛, տներ՜, տներ՜։
Մեկը որոշեց տունը պատրաստել քանոններով, մյուսը նապաստակներով իսկ երրորդը նկարներով։
-Է՜ պապիկ էլի շփոթեցիր՝ քարով, փայտով ու ծղոտով։
ՈՒ  այսոպես պապիկը ամբողջ հեքիաթը խառնեց իրար։
Բալաբանյան Էլինա

Լինում   է  չի  լինում  Ստելլա  անունով  մի աղջիկ է լինում։ Մի օր Ստելլան հագնում է իր գեղեցիկ շորերը, ապա լողազգեստը, լողի ակնոցները և գնում խաղահրապարակ։  Մեկ էլ  տեսնում  է  ճոճանակին   նստած է Անահիտը՝ մայրիկի  բարձակրունկ կոշիկներով, արևային ակնոցներով, պաղպաղակի կարկանդակ է ուտում։ Այդինյան Ստելլա

Рубрика: Ջանի Ռոդարի, Ընթերցարան

Թարս հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝ ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

Рубрика: Без рубрики, Հեռավար ուսուցում, Ջանի Ռոդարի, Ստեղծագործում են սովորողները, Ընթերցարան

Հնարագետ Դուդու կապիկը․ մաս 2

Նկարը՝ Գաբրիելլա Ալբերտ

․․․Պարզվում է, որ Դուդուն այդ միրգը իր հիվանդ ընկերոջ համար էր գնել, որը հիվանդանոցում էր։ Երբ Դուդուն վերադառնում է տուն, նրա ծնողները բարկանում են։
Նրանք բացատրում են, որ գողություն անելը վատ բան է և Դուդուն պետք է պարզապեսգումար խնդրեր ծնողներից։ Դուդուն ասում է, որ նման արարք է կատարել, քանի որ վախեցել է ծնողներից մերժում ստանալ։ Դուդուն հասկանում է իր սխալը և խոստանում է, որ նման բան այլևս չի կրկնվի։
Հարությունյան Խորեն

Դուդու կապիկը շատ ընկերներ ուներ,որոնց ծաղրում էին, օրեր շարունակ սոված պահում։
Այդ ամենը տեսնելով՝ Դուդուն որոշեց գաղտնի փող վերցնել և օգնել ընկերներին։ Նա գնեց մրգեր՝ բանան, խնձոր և հյուրասիրեց սոված ընկերներին։ Տան անդամները շատ հուզվեցին, երբ իմացան պատճառը և չպատժեցին Դուդու կապիկին։
Դավիդյան Դանիել

Рубрика: Հեռավար ուսուցում, Ջանի Ռոդարի

Ջաննի Ռոդարի․ Շփոթ պապը

Կար-չկար մի աղջիկ  կար:  Նրա անունը ԴեղինԳլխարկ էր:

_Չէ՛, ԿարմիրԳլխարկ…
_Հա՛, ճիշտ որ, ԿարմիրԳլխարկ: Մի անգամ մայրը կանչում է նրան և ասում.
_ Կանաչ գլխարկ…
_Դե՛չէ՛, պապի՛կ, կարմի՛ր, կարմի՛ր գլխարկ:
_Ա՜խ, հա, Կարմիր…  Գնա, խնդրում եմ, հորաքրոջդ տուն և   կարտոֆիլի կճեպներ  տար նրան :
_Չէ՛, «Գնա տատիկի տուն և կարկանդակներ տար նրան :

_Դե լավ: Աղջիկը գնում է, գնում հասնում է անտառ, իսկ այնտեղ նրա դեմն է դուրս գալիս ընձուղտը:
_Է՜… է՜, պապիկ, դու ամեն ինչ խառնեցիր: Նրա դեմ գայլն է դուրս գալիս,  ոչ թե ընձուղտը: Անտառում ինչպե՞ս կարող է ընձուղտ լինել:
_Ճիշտ ես ասում, թոռնի՛կս: Աղջիկը հանդիպում  է գայլին: Այսպես, ուրեմն, գայլը հարնում է աղջկան՝ վեց անգամ ութն ի՞նչ կանի:
_Ո՛չ, պապի՛կ, գայլը հարցնում է Կարմիր գլխարկին.

_ Ո՞ւր ես գնում, Կարմիրգլխարկ
_Դու ճիշտ ես, թոռնիկս: Իսկ սեւ գլխարկը պատասխանում է.
_Նա Կար-մի՛ր գըլ-խարկն է, Կարմի՛ր գլխարկը… Կարմիր…
_Դե հա, էլի, կարմիր: Իսկ նա պատասխանում է.
_ Ես գնում եմ շուկա, տոմատի հյութ գնելու:
_Չէ՛, բոլորովի՛ն էլ այդպես չէ…  Ես գնում եմ տատիկիս  մոտ: Նա հիվանդ է

ու մենակ: Միայն թե մոլորվեցի անտառում…
_Ճիշտ է: Եվ այստեղ ձի է նստում…
_Ի՞ն չ ձի: Այնտեղ գայլ էր, չէ՞:
_Իհակե, գայլ էր: Դե ահա,  գայլն ասում է.
_Նստի՛ր հինգ համարի տրամվայը և գնա մինչև Գուոմո հրապարակը: Երբ դուրս կգաս հրապարակ, թեքվի՛ր աջ, և դուրս կգաս ուղիղ երեքաստիճանոց սանդուղքի մոտ: Այնտեղ գետնին ընկած է մի սոլդո: Աստիճաններին ձեռք մի տուր, իսկ սոլդոն վերցրո՛ւ և պաղպաղակ գնի՛ր:
_Պապի՛կ, դո ւ հեքիաթ պատմել չգիտես, ամեն ինչ խառնեցիր իրար, շփոթեցիր: Դու իսկական Շփոթ-պապ ես: Իսկ պաղպաղակ դու իսկապես առ ինձ համար:
_Համաձայն եմ. Ահա քեզ մի սոլդո.  շուտ վազիր, գնիր քեզ համար համով, սառը պաղպաղակ…
Շնորհակալ եմ, պապի՛կ… շնոր-հա-կալ եմ…

Հարցեր և առաջադրանքներ

Հորինի՛ր մի շփոթ պատմություն։

Նկարի՛ր քո պատմությունը Paint համակարգչային ծրագրով։

Рубрика: Հեռավար ուսուցում, Ջանի Ռոդարի, Ստեղծագործում են սովորողները, Ընթերցարան

Մի միտք՝ ես, մի միտք՝ դու․ մաս 2

Lինում է, չի լինում մի ուժեղ մարդ։ Այդ ուժեղ մարդը տանից դուրս է գալիս և մոլորվում։ Նա շատ էր սիրում սպորտով զբաղվել։ Նա այնքան ուժեղ էր և հսկա, որ բոլորը նրանից վախենում էին։ Այդ մարդը, երբ մոլորվել էր քայլելու ընթացքում տուն տեսավ։ Նա որոշում է գնալ և այդ տանը բնակվել։ Երբ մտնում է տուն տեսնում է, որ այնտեղ մի աղջիկ է ապրում, անունը՝ Անահիտ։ Աղջիկը տղային տեսնելով վախենում է և փախչում։ Հեռվից հարցնում է․
-Ո՞վ ես դու, ինչո՞ւ ես առանց հարցնելու մտել իմ տուն։
-Ես կորել էի, քո տունը գտա։ Կներես, որ քեզանից թույլտվություն չէի վերցրել, — պատասխանում է տղան։


Պարզվում է, որ աղջկա հայրը արջ է և․․․ աղջիկն էլ է արջ։ Աղջիկը վախեցավ, որովհետև մտածեց որ այդ մարդը որսորդ է և ցանկանում է սպանել իրեն։ Մարդը բացատրեց, որ ինքը մոլորվել է և չի կարողանում վերադառնալ։ Արջ Անահիտը օգնում է տղային գտնելու վերադարձի ճամփան։ Այդ օրվանից նրանք դառնում են ընկերներ։
Հարությունյան Խորեն

Рубрика: Ջանի Ռոդարի

Ճանապարհ, որ ոչ մի տեղ չի տանում

Գյուղից դուրս գալիս ճանապարհը բաժանվում էր երեք մասի. Առաջինը տանում էր դեպի ծով, երկրորդը՝ քաղաք, իսկ երրորդը ոչ մի տեղ չէր տանում:

 Մարտինոն գիտեր դրա մասին, որովհետև բոլորին հարցրել էր, և բոլորն էլ նույն պատասխանն էին տվել:

-Այս ճանապա՞րհը: Այն ոչ մի տեղ չիտանում: Դրանով քայլելն անիմաստ է:

-Իսկ վերջում ո՞ւր ես հասնում:

-Ոչ մի տեղ էլ չես հասնում:

-Իսկ ինչո՞ւ են այն կառուցել:

-Այն ոչ ոք չի կառուցել, այն միշտ այստեղ է եղել:

-Եվ ոչ ոք երբեք չի՞ գնացել այդ ճանապարհով:

-Բայց ի՜նչ համառն ես… Քեզ ասացինք, չէ՞, որ տեսնելու ոչինչ չկա…

-Եթե երբևէ այդ ճանապարհով չեք գնացել, ինչպես կարող եք իմանալ:

Մարտինոն այնքան համառ էր, որ նրան սկսեցին կոչել Համառ Մարտինո: Բայց նա չէր նեղանում և շարունակում էր մտածել ճանապարհի մասին, որը ոչ մի տեղ չէր տանում:

Երբ նա այնքան մեծացավ, որ կարողանում էր փողոցն անցնել առանց պապիկի ձեռքը բռնելու, մի առավոտ շատ վաղ վեր կացավ, դուրս եկավ գյուղից և առանց վարանելու քայլերն ուղղեց դեպի խորհրդավոր ճանապարհը՝ շարունակ առաջ քայլելով: Ճանապարհի վրա փոսեր շատ կային, տեղ-տեղ մոլախոտ էր աճել, բայց, բարեբախտաբար, երկար ժամանակ անձրև չէր տեղացել, և ջրափոսեր չէին գոյացել:

 Աջ ու ձախ կողմերում ցանկապատեր էին, իսկ հետո սկսվեց անտառը: Ծառերի ճյուղերը  ճանապարհի վերևում միանում էին. կարծես մութ ու խոնավ թունել լիներ, որի միջով արևի ճառագայթները հազիվհազ թափանցում էին և ասես լապտերի լույսով լուսավորում ուղին:

Մարտինոն քայլում ու քայլում էր, բայց թունելը չէր վերջանում: Ճանապարհը կարծես անեզր էր, իսկ Մարտիոնայի ոտքերն արդեն ցավում էին, և նա սկսեց մտածել, որ ավելի լավ է վերադառնա, երբ հանկարծ մի շուն տեսավ:

,,Եթե այստեղ շուն կա, ուրեմն պետք է տուն էլ լինի կամ գոնե մարդ,,- մտածեց Մարինոն:

Շունը նրան ընդառաջ վազեց՝ պոչը շարժելով, և սկսեց լիզել ձեռքերը, հետո կենդանին առաջ ընկավ՝ ամեն քայալփոխին հետ նայելով, որ տեսնի՝ արդյոք Մարինոն հետևում է իրեն, թե՞ ոչ:

-Գալիս եմ, գալիս,- ասաց Մարտինոն՝ հետաքրքրությունից այրվելով:

Վերջապես անտառը սկսեց նոսրանալ , վերևում նորից երևաց երկինքը, և ճանապարհը վերջացավ երկաթյա մեծ դարպասի մոտ:

Մարտինոն նայեց ցանկապատի արանքից  և տեսավ վեր խոյացող ամրոցը, որի բոլոր դռներն ու պատուհանները  լայն բացված էին, բոլոր ծխնելույզներից ծուխ էր դուրս գալիս, իսկ պատշգամբից մի հիասքանչ տիկին Մարտիոյնին ձեռքով էր անում և խանդավառությամբ կանչում.

-Արի, արի, Համառ Մարտինո:

-Այ քեզ բան,- ուրախացավ Մարտինոն.- նույնիսկ ես չգիտեի, թե ուր եմ հասել, իսկ նա, արի ու տես, ինձ ճանաչում է:

Մարտինոն բացեց դարպասի դուռը, անցավ զբոսայգու միջով և մտավ ամրոց: Նա խոնարհվեց գեղեցիկ տիկնոջ առջև, որն այդ պահին իջնում էր սանդուղքով: Կինը շատ գեղեցիկ էր, բոլոր տեսակ փերիներից ու արքայադուստրերից շատ ավելի լավ հագնված: Նա շատ ուրախ էր և ծիծաղելով հարցրեց.

-Ուրեմն դու այդպես էլ չհավատացիր, հա՞:

-Ինչի՞ն,- հարցրեց Մարտինոն:

-Ոչ մի տեղ չտանող ճանապարհի պատմությանը:

-Հիմար պատմություն էր, և հետո, ըստ իս, բոլոր ճանապարհներն էլ ինչ-որ տեղ տանում են:

-Իհարկե, միայն պետք է ցանկանաս տեսնել այդ վայրերը: Իսկ հիմա գնանք, քեզ ցույց տամ ամրոցը:

Ամրոցում ավելի քան հարյուր սրահներ կային՝ լի ամեն տեսակ գանձերով. Կային ադամանդներ, թանկարժեք քարեր, ոսկի, արծաթ: Եվ գեղեցիկ կինն անընդհատ կրկնում էր.

-Վերցրու, վերցրու, ինչ ուզում ես: Քեզ մի սայլակ կտամ, որ կարողանաս վերցրածդ հետդ տանել:

Հասկանալի է՝ Մարտինոյին երկար խնդրել հարկավոր չէր: Երբ նա մեկնում էր, սայլը լեփ-լեցուն էր: Նրան ուղեկցում էր մի շուն, բայց ոչ հասարակ, այլ շատ խելացի շուն, որը պահում էր սանձերը և հաչում ձիերի վրա, երբ նրանք ննջում էին կամ շեղվում ճանապարհից:

Գյուղում, որտեղ Համառ Մարտինոյին արդեն մեռած էին համարում, նրան տեսնելով, անակնկալի եկան:  Շունը բոլոր գանձերը իջեցրեց հրապարակում, ի նշան հրաժեշտի՝ երկու անգամ պոչը և անհետացավ՝ հետևից միայն փոշու ամպ թողնելով: Մարտինոն նվերներ բաժանեց բոլորին՝ և՛ ընկերներին, և՛ թշնամիներին:  Նա ստիպված էր մի հարյուր անգամ պտմել իր արկածների մասին, և ամեն անգամ, երբ վերջացնում էր, ինչ-որ մեկը դուրս էր վազում, ձի հեծնում և շտապում դեպի այն ճանապարհը, որը ոչ մի տեղ չէր տանում:

Բայց նույն գիշերն էլ մեկը մյուսի հետևից հիասթափված վերադառնում էին: Նրանց ասելով՝ ճանապարհն ավարտվում էր անտառի մեջտեղում՝ սաղարթախիտ ծառերի կամ փշոտ մացառների պատնեշով: Չկար ո՛չ դարպաս, ո՛չ ամրոց, ո՛չ գեղեցիկ կին: Պատճառն այն է, որ այդպիսի գանձեր շնորհվում են միայն նրանց, ովքեր առաջինն են բացում դեպի գանձերը տանող ճանապարհը: Մեր պատմության մեջ առաջինը Համառ Մարտինոն էր:

. Բնութագրի՛ր Մարտինոին:

Մարտինոն շատ համառ, ինքնավստահ էր:

  1. Ինչո՞ւ Մարտինոն կարողացավ տեսնել ամրոցը և ստանալ գանձերը:
  2. Մեկնաբանի՛ր այս միտքը՝ <<Պատճառն այն է, որ այդպիսի գանձեր շնորհվում են միայն նրանց, ովքեր առաջինն են բացում դեպի գանձերը տանող ճանապարհը>>: